Զրույց գեղեցիկի մասին

Հեղինակ՝ Ստեփան Զորյան
Ժամանակով մեր հարուստ Անի քաղաքում մի շատ ունևոր իշխան էր ապրում։ Մեծամեծ կալվածների և անհուն գանձերի տեր` նա ուներ միայն մի դուստր, մի չքնաղ էակ, որ երբ դուրս էր գալիս հոր ապարանքի քարե պատշգամը` ասես արև էր ծագում ամպի միջից, իսկ երբ ելնում էր փողոց` տաճար գնալու կամ զբոսնելու, ամենքը` մեծ թե փոքր, մարդ թե կին, ակամա կանգ էին առնում և, ամեն ինչ մոռացած, նայում նրան…
Սակայն փառասեր հայրը` այդ հարուստ իշխանը, դրանով չէր գոհանում. ցանկանում էր, որ իր դուստրն ավելի գեղեցիկ ու չքնաղ երևա, որ ոչ մի իշխանուհի և ոչ մի հոգեղեն չկարողանա մրցել նրա հետ, ու այդ նպատակով նա Բյուզանդիայից բերում էր դստեր համար պես-պես զարդեր, կերպաս հագուստներ, գլխանոցներ՝ արծաթ ու ոսկի թելերով բանված… կանչում էր կարող ու հարդարող վարպետուհիներ, որ հագցնեն իր դստեր, որ զուգեն-զարդարեն նրան մեծագին քարերով՝ զմրուխտով, մարգարիտներով, գոհարներով…
Ապա կանչում էր աշխարհ տեսած, բանիմաց ու ճաշակով մարդիկ, որ տեսնեն իր դստեր գեղեցկությունը, հիացումի խոսք ասեն և գոհացնեն իր փառասեր հոգին… Եվ նրանցից ոմանք, իրոք, իշխանին շողոքորթելու համար, գովաբանում էին նրա ճաշակը, նրա դստեր գեղեցկությունը, հասակը, արդուզարդը. ոմանք խորհուրդ էին տալիս մի մանյակի փոխարեն նրա պարանոցին կապել երկուսը, անգամ երեքը, իսկ սև գիշերագինդերի փոխարեն ականջներից կախել ադամանդակուռ ոսկե օղեր, որ իրենց փայլով ու ցոլքով ծիածանեն նրա դեմքի շուրջը` իշխանադստեր գեղեցկությունն առավել շքեղ դարձնելու։

